31 մարտի 2023 - 17:03 AMT
ՀՀ-ն պատրաստ է զարկ տալ «Կայուն ավիավառելիք» արտադրելու գաղափարին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյի հետ հանդիպմանը ողջունել է ICAO ACT-SAF ծրագրին միանալու գաղափարը և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է միանալ այդ ծրագրին և զարկ տալ «Կայուն ավիավառելիք» արտադրելու գաղափարին։

Ռալլոն ներկայացրել է 2022-ին Մոնրելաում կայացած Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունված մի շարք կարևոր որոշումների մասին, մասնավորապես «Կայուն ավիավառելիք» ունենալու հարցը և ներկայացրել է ICAO ACT-SAF ծրագիրը։

Անդրադառնալով մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների հարցին՝ Ռալլոն նշել է, որ ԻԿԱՕ անդամ երկրները, այդ թվում Հայաստանը, ստանձնել են պարտավորություն մինչև 2030-ը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները կրճատել, իսկ մինչև 2050 թվականը հասցնել 0-ի: Դրան կարելի է հասնել՝ «Կայուն ավիավառելիք», ինչպիսիք են սինթետիկ վառելիք, բիովառելիք, արտադրելով։

Նշվել է, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, այլև կխթանի տվյալ երկրի տնտեսության զարգացումը։ Յուրաքանչյուր անդամ երկիր, այդ թվում Հայաստանը, կարող է անվճար միանալ ICAO ACT-SAF ծրագրին։ ICAO ACT-SAF ծրագիրը հնարավորություններ կընձեռի անդամ պետություններին՝ զարգացնելու իրենց ողջ ներուժը սինթետիկ վառելիք, բիովառելիք արտադրելու ուղղությամբ։

Նախարարը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից վերջին չորս տարվա ընթացքում կատարված բարեփոխումների և ներդրումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ Նիկոլաս Ռալլոյին իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքերի որակի վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է Ընկերության կողմից մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակի շարունակական բարձրացման ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, համագործակցությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի և քաղաքացիական ավիացիայի բնագավառի այլ միջազգային կառույցների հետ։

Նախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության շրջանակներում ջերմոցային գազերի, արտանետումների, այդ թվում՝ ավիացիոն արտանետումների նվազեցման ուղղված աշխատանքները։

Ռալլոն այցելել է նաև Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն, տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին և հետևել մասնագետների կողմից եղանակի դիտարկումների և կանխատեսումների ընթացքին։ Այնուհետև Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել է Կենտրոնի կարողությունների զարգացման հետագա ընթացքը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Հայրապետյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Սիմոն Ասատրյանը, և կոմիտեի թռիչքների անվտանգության պատասխանատու Ժենյա Տեր-Վարդանյանը։