1 ապրիլի 2023 - 10:26 AMT
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է։

Մարտի 31-ին Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև պատգամավորից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:15-ի սահմաններում, նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն անհիմն դիտողություն է կատարել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ այդկերպ Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել Ոստիկանության բաժին։

Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ԱԺ նախագահը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: