1 ապրիլի 2023 - 14:04 AMT
Գաբրիել Սարգսյանը 3-րդն է Կասիմջանովի գավաթի մրցաշարում

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Սարգսյանը մեկ միավոր է զիջել գլխավոր մրցանակը նվաճած սերբ Ալեքսանդր Ինջիչին՝ տանելով 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի և պարտվելով միայն վերջին տուրում, հայտնում է Հանրային ռադիոն։

Մրցաշարը, որին մասնակցում էր 10 շախմատիստ, տեղի է ունեցել Տաշքենդում։

Գաբրիել Սարգսյանն աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող (2011 թվական) է, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008, 2012 թվականներին) Հայաստանի հավաքականի կազմում։ 2022 թվականին դարձել է օլիմպիական փոխչեմպիոն։