1 ապրիլի 2023 - 13:09 AMT
Վոքիեն հայտարարել է` իր ղեկավարած շրջանի և Արցախի միջև գործակցությունը կխորանա․ Բաքվում նյարդայնացել են

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 31-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր ղեկավարած շրջանի և Արցախի միջև համագործակցությունն այսուհետ ավելի է խորանալու և ամրապնդվելու։

Վոքիեն հանդիպել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։

Բաքվից նյարդային են արձագանքել Վոքիեի հանդիպմանը ԱՀ ԱԳ նախարարի հետ՝ նշելով, որ այդ «սադրիչ» հանդիպումն ուղղված է «ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, գրում է APA-ն։

Ադրբեջանական կողմին զայրացրել է նաև Վոքիեի այն հայտարարությունը, որ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ

Հաջիզադեն ասել է, թե Ֆրանսիայի պաշտոնյաները պետք է դադարեցնեն «սադրիչ և վնասատու գործողությունները» և որ ցանկացած հումանիտար գործողություն պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ։

Վոքիեն Սյունիքում ասել է, որ կամ Ֆրանսիայի հումանիտար բեռով շարասյունը կանցնի ու այդ ժամանակ հույսի փոքր դուռ կբացվի, կամ չի անցնի ու դա առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայանցելու հարցը, որ խախտվում է միջազգային իրավունքը, ու պետք է գործողությունների դիմել։