1 ապրիլի 2023 - 15:22 AMT
Արթուր Դավթյան․ Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այժմ Արցախում է, անդրադառնալով ԱՀ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերին, ասել է, որ պատրաստ է Արցախում ծառայել՝ անկախ որեւէ պաշտոնից և որևէ դիրքից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: Ինձ համար կարեւոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որեւէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը»,-ասել է Դավթյանը:

Խոսելով Արցախ այցի նպատակների մասին՝ Դավթյանն ասել է․«Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենեւին էլ իմ առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարվա դեկտեմբերից, չնայած դժվարացել է Արցախ այցը, բայց մեծ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա: Նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն եմ հայտնել իմ համեստ ներդրմամբ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով եւ ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի կողքին»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով խախտված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սկսած սննդի, առողջապահական, նվազագույն կենցաղի կազմակերպման հարցերից, մինչև ազատ տեղաշարժ։

«Անկախ դրանից, Արցախի իշխանությունների, պատկան մարմինների ջանքերն ուղղված են իրենց առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, կյանքի բոլոր ոլորտներում բարդագույն խնդիրների լուծմանը։ Հոգիս փառավորվում է Արցախի հերոսական ժողովրդի դիմադրողականությամբ ու ազնիվ պայքարի պատրաստակամությամբ: Անգնահատելի է ռուսական խաղաղապահ ուժերի դերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ինչ վերաբերում է իմ շփումներին, դրանք բազմազան են ու երկուստեք անկաշկանդ: Վստահեցնում եմ՝ Արցախը հավաքական իմաստով բարի գալուստով է դիմավորում յուրաքանչյուրին»,-ասել է Դավթյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։