1 ապրիլի 2023 - 15:44 AMT
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ին՝ կասեցնելու կաթնամթերքի արտահանումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ին՝ խնդրելով կասեցնել կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 31-ին բանակցություններ են եղել երկու երկրի անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են մարտի 20-24-ը ՀՀ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում անցկացված տեսչական այցերի արդյունքները։

«Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել, որ հայկական անասնաբուժական ծառայությունները չեն կարողանում երաշխավորել ռուսաստանցի սպառողների համար արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը։

Հաշվի առնելով տեսչության անբավարար, ինչպես նաև բանակցությունների արդյունքները՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից կասեցնել ՌԴ արտահանման համար կաթնամթերքի հավաստագրումը երկրի բոլոր ձեռնարկություններից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մատակարարումների վերսկսումը կքննարկվի լրացուցիչ՝ ըստ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի աշխատանքի արդյունքների։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակման հարցի քննարկմանը, ասել էր, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։ Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կրառում։

ՍԱՏՄ-ն իր հերթին նշել էր, որ մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։