1 ապրիլի 2023 - 16:22 AMT
ԱՀ պետնախարար․ Կարծում եմ՝ Վարդանյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով մի քանի օր առաջ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քննադատական խոսքերին, թե որոշ մարդիկ իրավիճակն օգտագործում են փող աշխատելու համար, կարծիք է հայտնել, որ նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կամ կներկայացնի առաջիկա օրերին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ Վարդանյանն ասել էր, որ որոշ անձինք փորձում են ստեղծված իրավճակն օգտագործել և պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում, «կտրոնները չեն աշխատում» և այլն։

Ներսիսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը գործում է ճգնաժամային պայմաններում։

«Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակված լինելու և բնակչության կարիքները բացառապես հումանիտար բեռնափոխադրումների միջոցով կազմակերպելու պայմաններում յուրաքանչյուր օր իրականացվում է պլանավորում, սահմանվում են ներքին կարիքների առաջնահերթությունները, որի ընթացքում ղեկավարվում ենք ոչ թե զգացմունքայնությամբ կամ հանրությանը դուրեկան լինելու մղումներով, այլ իրավիճակի ու օբյեկտիվ անհրաժեշտության համակողմանի գնահատմամբ: Կարծում եմ՝ եթե մոտեցումները նախկինում լինեին նույնպիսին, ապա այսօր մենք ծանրաբեռնված չէինք լինի այնպիսի կարիքներով, որպիսիք հիմա ապահովում ենք: Բարեբախտաբար արցախյան հասարակությունը ըմբռնումով է մոտեցել կառավարության այս քաղաքականությանը, որի պատճառների մասին խոսվել էր նաև հրապարակայնորեն:

Հարկ եմ համարում նաև շեշտել, որ բացի պարենային ապրանքների ներկրումից, կառավարությունը փորձ է արել աջակցել նաև միմյանց հետ կապակցված տնտեսության մի շարք օղակների, որի շնորհիվ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ շարունակել են պահպանել իրենց գործունեությունն ու բազմաթիվ աշխատողների, նույնիսկ հարկեր վճարել:

Ինչ վերաբերում է կտրոններին, ապա դրանց չօգտագործված մասի կիրառման ժամկետը երկարացվել էր, իսկ առաջիկայում տրամադրվելու են նորերը: Խնդիրն այն է, որ պետք է ոչ միայն կտրոններ բաժանել, այլև ապահովել դրանցով նախատեսված ապրանքների պատշաճ մատակարարումը, այնինչ իմ պաշտոնավարման առաջին օրվանից կառավարությունը ստիպված է եղել պարենի ներկրմանը զուգահեռ ներկրել առաջնահերթորեն մեծածավալ սերմացուներ՝ գարնանացանի սեզոնը բաց չթողնելու և երկարաժամկետ պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով: Իմ կողմից ԱՀ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու օրվանից ես անձամբ եմ ներգրավվել ապրանքների մանրածախ վաճառքի գները կարգավորելու գործին, ի տարբերություն այն կարգավորելու շուրջ հնչած ամենատարբեր ու խայտաբղետ լուծումների, ընտրել եմ բացառապես իրավական ճանապարհը և իմ անմիջական մասնակցությամբ նվազագույնի հասցրել գնաճի պատճառ հանդիսացող երևույթները, կիրառելով այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք շատերի համար անհնար էին թվում:

Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին»,-ասվում է գրառման մեջ:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։