10 ապրիլի 2023 - 16:04 AMT
ԵՏՀ-ն կես տարով երկարաձգել է ԵԱՏՄ ֆիզանձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը կես տարով՝ մինչև 2023-ի հոկտեմբերի 1-ը, երկարաձգել է ԵԱՏՄ ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը։ Որոշումն արդեն մտել է ուժի մեջ։

ԵՏՀ խորհուրդը հարցը քննարկել և որոշում էր կայացրել մարտի 30-ի նիստում, այն հրապարակվել էր մարտի 31-ին։ Նշվել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից։

Ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք ներկրվում են ուղեբեռով փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, տրանսպորտի բոլոր միջոցներով, բացառությամբ օդայինի, կամ հետիոտն կարգով։

Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ դրա քաշը 31 կգ ավելի է, ապա հարկ կլինի վճարել տուրք արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո գերազանցված յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց։

Հայաստանի համար անմաքս ներմուծման շեմը 400 եվրո է։