13 ապրիլի 2023 - 15:02 AMT
Ավանեսյան․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ ունենք որոշակի դրական տեղաշարժ, կայունացում։ Հուսով ենք, որ դրական ընթացք կունենա ապաքինումը»,- նշել է Ավանեսյանը, հայտնում է Factor.am-ը։

Նախարարի խոսքով մյուս վիրավոր զինծառայողների մասով նույնպես կա դրական տեղաշարժ։ Ավանեսյանը հավելել է, որ անձամբ է այցելել վիրավոր զինծառայողներին, որոնցից 2–ը գտնվում են Սիսիանում, 4-ը Երևանում, և շուտափույթ ապաքինում մաղթել։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։