Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարային շենքերի տեղը նոր բազմաբնակարաններ կկառուցվեն։ Գործադիրը հավանություն է տվել Արզումանյան փողոցի թիվ 10 և թիվ 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:
Որոշմամբ նախատեսվում է գործակցել կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ՝ նկատի ունենալով վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված համագործակցության առաջարկը:
Քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում վթարային այդ շենքերը կապամոնտաժվեն, կվերանա շենքերի փլուզման վտանգը, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր, կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները: Կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործման տարածքն առավելագույնս կազատվի ավտոտնակներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայելով ստորգետնյա կառուցվածքներում:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ծրագրի հաջողությամբ իրականացումը, որի օրինակը կարող է նպաստել վթարային մնացած շենքերի խնդրի շղթակայան լուծմանը:
«Նաև այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետև դժբախտաբար այդտեղ էլ ունենք շատ խորը և արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության, առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, և դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Իհարկե, դա միակ մոդելը չի լինի, որովհետև հիմա կան կառուցապատողներ, որոնք այդ խնդիրը լուծում են»,-ասել է վարչապետը: