14 ապրիլի 2023 - 13:13 AMT
Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ–ին․ ԿԽՄԿ-ն դեռ չի այցելել ձերբակալվածներին

Ոստիկանությունը Կապան համայնքի Աճանան գյուղում ապրիլի 13-ին հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Այդ մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այո՛, ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ–ին»,– ասել են ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնաբերված ադրբեջանցուն տարել են Կապանի ոստիկանական բաժին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», - այդ մասին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ։

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ նրան հայտնաբերել են Կապանում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։