Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ ապրիլի 17-ին Երևանում հանդիպմանը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը։
Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորմանը:
Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
2022-ի հուլիսին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, 2 երկիր այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: