20 ապրիլի 2023 - 12:15 AMT
Եվրահանձնաժողով. Հռոմի ստատուտի բոլոր մասնակիցները պետք է կատարեն Պուտինին ձերբակալելու որոշումը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ելույթում հայտարարել է, որ Հռոմի ստատուտը ստորագրած բոլոր երկրները պետք է կատարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշումը, գրում է Apsny.ge-ն։

Նիստը նվիրված էր ռուս զինվորականների կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանմանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի օրդերի կատարմանը։

Յուրովան նշել է, որ ՌԴ կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման գործողությունները վկայում են, որ ՌԴ-ն մտադիր է ընդմիշտ տարհանել այդ երեխաներին Ուկրաինայից։

Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահի, ԵՄ-ն արդեն ճանաչել է Պուտինի և ՌԴ երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերը և կողջունի բոլոր հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիվ պատերազմի ժամանակ ռազմական և այլ ծանր հանցագործությունների համար մեղավոր անձանց լիակատար պատասխանատվության ենթարկելուն, միջազգային իրավունքի հիման վրա։

Յուրովան հավելել է, որ այժմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 16 անձի նկատմամբ, որոնք պատասխանտու են Ուկրաինայի օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տարհանման և բռնի որդեգրման համար։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս է հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ վավերացման և նշել է, որ իրագործումը չի պատկերացնում։

Photo. TASS