Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրման կապակցությամբ և նշել, որ միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն էլ ավելի է վատթարացնում ստեղծված իրավիճակը, հայտնում է 1lurer.am-ը։
«Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը: Երբ դեկտեմբերին Լաչինն արգելափակվեց, ես կոչ արեցի վերականգնել ազատ տեղաշարժը, այժմ էլ նույնն եմ կրկնում։ Աներևակայելի է, թե որքան դժվար է այնտեղ ապրող մարդկանց համար:
Նաև ցանկանում եմ կոչ անել կողմերին շարունակել բանակցությունները։ Երբ նրանք դարձան Եվրոպայի խորհրդի մաս, նրանք ընդունեցին, որ պետք է աշխատեն առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Ավելորդ է նաև ասել, որ Եվրախորհրդի բոլոր մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է մեր մանդատը: Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է՝ նրանց թույլատրել տեղում գնահատել իրավիճակը»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում, և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։