Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ այդ գործողությունը խարխլում է խաղաղ գործընթացն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։
Նա հորդորել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմամբ Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է բաց մնա և անարգել գործի, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։»,– ասել է Ժոլին։
Նա հավելել է, որ Կանադան կողմերին հորդորում է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։