ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում է Արմենպրեսը։
Դիվանագետը հավելել է, որ հանդիպման հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա, հայտնում է Aysor.am-ը։
«Արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն և առաջարկներ կան, սակայն հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը վերադարձել է բանակցային գործընթացին ԱՄՆ ջանքերի շնորհիվ», հայտնում է Haqqin.az-ը։
«Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ին։ Մենք մասնակցելու ենք բանակցային գործընթացին և ամեն ինչ անելու ենք այն առաջ տանելու համար»,-ասել է նա։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։