28 ապրիլի 2023 - 14:29 AMT
Պապիկյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է Լաչինի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետԱլեքսանդր Լենցովի հետ հանդիպմանը կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը։

ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։