Ադրբեջանցի Էկոակտիվիստները» դադարեցնում են արգելափակումը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Նրանք հայտարարել են, թե ապրիլի 29-ին` ժամը 18։00-ին, «ժամանակավոր կդադարեցնեն» 138 օր տևած ակցիան՝ «հաշվի առնելով իրենց պահանջների մասնակի կատարումը», հայտնում է Haqqin.az-ը։
Այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո։
Նրանք հանդիպել են օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, որն ասել է, թե «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից անցակետի տեղադրման հետ» և «առաջարկել է» դադարեցնել ակցիան։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։