1 մայիսի 2023 - 13:21 AMT
Սուդանից ՀՀ 7 քաղաքացի է տեղափոխվել

Քաղաքացիական պատերազմով համակված Սուդանից ՀՀ 7 քաղաքացի է տարհանվել։ Նրանք տեղափոխվել են Կահիրե, որտեղից էլ կժամանեն Հայաստան, հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

«Սուդանում գտնվող ՀՀ յոթը քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և վաղը կժամանեն Հայաստան»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել։ Այդ մասին հայտնել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` հավելելով, որ հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել

Ապրիլի 15-ից Սուդանում քաղաքացիական պատերամ է ընթանում երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը, և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ արձագանքման ուժերը։

Սուդանի հայկական գաղթօջախը հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։ Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։