24 ապրիլի 2009 - 16:00 AMT
Բեռլինի Իրանական կոմիտեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Բեռլինում Իրանական Կոմիտեն կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման ժամանակ կոմիտեի ներկայացուցիչ Աբբաս Մոհամմադը պարսկերենով կներկայացնի «Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսությունը:

Դասախոսությունից հետո կցուցադրվի «Ջուղան ու Ջուղայի բնակիչները» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Ջուղա քաղաքի (Ադրբեջան) պատմության մասին: Ջուղայի հինավուրց գերեզմանոցի ոչնչացման մասին փաստագրական կադրերը նկարահանվել են Իրանի տարածքից: Ֆիլմում ներկայացվել են Ադրբեջանի իշխանությունների հրամանով ադրբեջանցի զինվորների կողմից հազարավոր խաչքարերի բարբարոսական ոչնչացման ապացույցները:

«Այս միջոցառումը լավ հնարավորություն է տալիս Բեռլինի բնակիչներին ծանոթանալ 1915թ. իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանության փաստին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հայկական բաժնի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր Քոչարյանը: