Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
Երկու նախարարն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Մայիսի 4-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն էր։