24 ապրիլի 2009 - 16:42 AMT
Ողջ Ամերիկայում հազարավոր հայ ակտիվիստներ «Վերջ Ցեղասպանությունների շարքին» գործողություն են անցկացրել
Այս տարի հազարավոր հայ ակտիվիստներ մասնակցել են «Վերջ Ցեղասպանությունների շարքին» ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) եւ Genocide Intervention Network (GI-Net)-ի կողմից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ANCA-ից, ողջ Ամերիկայում անցկացվող միջոցառման մասնակիցները հանդիպել են կոնգրեսականների եւ սենատորների, որոնք խոստացել են աջակցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Միջոցառման շրջանակներում Սթաթեն-Այլենդի քաղաքային խորհրդի նախկին թեկնածու Փոլ Սարյանն այցելել է Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում է ունեցել կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնի հետ եւ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցերը:

Այսօրվա դրությամբ, ԱՄՆ 42 նահանգ, որոնց թվում նաեւ Նյու-Յորք քաղաքը, պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: