10 մայիսի 2023 - 12:27 AMT
Ապրիլի 29–ից ի վեր ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից ՀՀ բուժառու չի տեղափոխվել

Ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ այս պահին կազմակերպությունը կողմերի հետ տեղափոխման հետ կապված որոշ ընթացակարգեր է հստակեցնում։

«Նոր անցակետ տեղադրելուց հետո մենք երկու անգամ կատարել ենք տեղաշարժեր։ Մեկն ապրիլի 28-ին է եղել տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու։ Սակայն այս երկու գործողությունից հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք եղավ, որն այս պահին դեռևս քննարկումներ մեջ է»,– նշել է նա։

Նա նշել է, որ այս պահին որոշակի ուշացումներ կան, բայցև հավելել` որևէ արգելքի մասին խոսք չկա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: