24 ապրիլի 2009 - 19:11 AMT
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչելը խոչընդոտ չէ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար
Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Այդ մասին Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաս֊տատելու»,- նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, մինչ Գյուլի այցը Հայաստան թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության հետ, իսկ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Բանակցությունների ընթացքում մենք` եւ հայերս, եւ թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետեւ ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նա ավելացրել է, որ հաճույքով կընդունի պարոն Գյուլի հրավերը, կայցելի Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ կողմերը լինեն դրա նախաշեմին:

«Մինչ վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում եւ ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարա֊րությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց եւ նախա֊պայմանի առաջադրում»,- հայտնել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով, հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում: «Եվ, եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: