Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում: Այդ մասին ասվում է բանկի հերթական տարածաշրջանային կանխատեսման մեջ։
Նշվում է, որ գնահատումը կարող է նվազել աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան։
Հայաստանում, ինչպես և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, զգացվում է ռուսական ձեռնարկությունների տեղափոխման և Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների միջև առևտրի հոսքերի վերակողմնորոշման ազդեցությունը:
Արդյունքում, Հայաստանի տնտեսությունը 2022-ին աճել է 14․2%-ով՝ հիմնականում առևտրի և ծառայությունների հաշվին, որոնք աճել են 28․2%-ով (արդյունաբերությունը՝ 7․8%-ով)։ Շինարարության ոլորտը 2022 թվականին աճել է 12․5%-ով։
Արտասահմանյան տրանսֆերտների ներհոսքը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է։ Բանկի գնահատականներով՝ երկիր եկած ռուսաստանցիների շնորհիվ (այդ թվում ՝ հայկական ծագման) նրանց ներհոսքն աճել է գրեթե յոթ անգամ (դրա հետ մեկտեղ, Հայաստանի Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ դրանք չի բաժանում ըստ ուղարկողների քաղաքացիության- խմբ):
Արդյունքում 2023-ի առաջին երեք ամիսներին տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս, բայց նկատելի են դանդաղեցման նշաններ՝ բարձր բազայի ազդեցության պատճառով (2022 թվականին աճն այնքան ուժեղ է եղել, որ հիմա դժվար է այն խոշոր չափով գերազանցել)։
Գնաճը մարտին նվազել է՝ հասնելով 5․4 տոկոսի, Հայաստանի Կենտրոնական բանկի ճիշտ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ` բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, ինչպես նաև հայկական դրամի փոխարժեքի ամրապնդման շնորհիվ (ռուսաստանցիներից արտարժույթի ներհոսքի պատճառով), ինչն իջեցրել է ներմուծվող ապրանքների գները: