17 մայիսի 2023 - 15:43 AMT
Լավրով․ Երևանը ՀԱՊԿ առաքելության տեղակայումից ավելի կայուն իրավիճակ կունենար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը ստորագրելու դեպքում, ավելի կայուն իրավիճակ կստանար։ Այդ մասին նա ասել է «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։

«2022-ի աշնանը, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր պատրաստվել ՀՀ տարածքում հայ գործընկերների խնդրանքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման և ուժի մեջ մտնելու, ապա, վստահ եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կունենար»,-ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր ԱԳ նախարարների մակարդակով։

«Հետո վերջին պահին արդեն գագաթնաժողովում հայ գործընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն մնում է թղթի վրա և չի կարող կյանքի կոչվել»,-ասել է Լավրովը։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

2023-ի մայիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։