17 մայիսի 2023 - 18:17 AMT
Գուրգեն Խաչատրյան. Հայաստանի ապագան անկասկած թվային է ու կանաչ

«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը Հայաստանի թվային ապագայի մասին իր հոդվածում գրում է․

Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայց դա միայն սկզբում: Գոնե իմ ու եղբորս համար դպրոցական տարիների ամենավառ հիշողությունները դասերից հետո ավտոմատ հեռախոսակայանի շենքի միջանցքներում վազելն էր, որտեղ մի ամբողջ հարկում տեղակայված էր միայն մեկ անալոգ դարակ` թարթող լույսերով: Լավագույնն, իհարկե, մարդկանց զանգերը միացնելու ֆանտաստիկ զգացողությունն էր, երբեմն էլ սխալ միացնելը: Ու պապիկիս կողմից բռնվելը...

Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրն է. «Յուքոմի» մեր հզորացող կազմի, ոլորտի մասնագետների ու իմ 92-ամյա Գուրգեն պապի մասնագիտական օրը: Գուրգեն Թադևոսի Խաչատրյանը աշխատանքի վետերան է, Խորհրդային Հայաստանի բարձրագույն որակավորում ստացած առաջին «կապավորներից» մեկը, 25 տարի անընդմեջ Նաիրիի շրջանային կապի հանգույցի ղեկավարը, կապի ոլորտում միակը՝ ղեկավարի 50 տարվա փորձառությամբ։

Գուրգեն պապն էր պատճառը իմ ու եղբորս՝ կապի ոլորտով տարվելու, մեր ընկերության ստեղծման և վերջապես մոտ տասը տարի առաջ «Յուքոմի» 10 հազարերորդ բաժանորդի միացման ժամանակ միմյանց շնորհավորելու համար: Գուրգեն պապն է պատճառը, որ այսօր, Հեռահաղորդակցության միջազգային օրվա առիթն օգտագործելով, ցանկանում եմ խոսել ապագայի կենսունակ ցանցեր կառուցելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատվության մասին:

Սերունդներից սերունդներ, անալոգից թվային, այսօր և ապագայի հեռահաղորդակցությունը տեխնոլոգիապես, թողունակությամբ և մասշտաբայնությամբ, բնականաբար, տարբերվում է նախորդ սերունդների ցանցից` իր «կոմուտատորի» նոստալգիկ հիշողություններով: Ապագայի հեռահաղորդակցությունը՝ որպես կոնսոլիդացված ծառայությունների մատակարար, միացնում է ենթակառուցվածքները, ձեռնարկությունները, համակարգերը, խելացի սարքերը, զինում դրանք տվյալներով ու արհեստական բանականությամբ: Բայց հայաստանյան բիզնեսների քանի՞ տոկոսն է պատրաստ այդ փոփոխություններին: Մեզ հայտնի տվյալներով՝ տնտեսվարողների շատ քիչ տոկոսը: Կամ մեր քաղաքային ենթակառուցվածքների քանի՞ տոկոսն է պատրաստ մոբիլ ապագային:

Այսօր տեխնոլոգիապես ադապտատիվ երկրները էքսպոնենտալ աճ են գրանցում, իսկ մեր նման երկրները` դանդաղ պրոգրես, որն արդեն բավականաչափ լավ չէ, ավելին՝ վատ է հաջորդ տասնամյակի համար:

Բնականաբար, հեռահաղորդակցության ոլորտին անհրաժեշտ է տնտեսվարողների ու ենթակառուցվածքների թվայնացումը հինգերորդ սերնդի ցանցի ներդրումների մոնետիզացիայի համար: Զարգացող երկրներին ու Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես, անհրաժեշտ է թվայնացումը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բիզնեսի մրցունակության մեծ բացն էլ ավելի չխորացնելու համար:

Վստահ ենք, որ հեռահաղորդակցման առաջադեմ ենթակառուցվածքները խթանելու են տնտեսության զարգացումը, ապահովվելու նոր հնարավորություններ թե՛ կայացած, թե՛ սկսնակ գործարարների համար։ Իսկ մայիսի 16-ին հայտարարված՝ «Յուքոմ-Էրիքսոն» գործընկերության նոր փուլը ազդարարում է հինգերորդ սերնդի տեխնոլոգիական լուծումների մեկնարկը` բացառիկ տեխնոլոգիական և բնապահպանական հենքով։ Վերջինս ազդարարում է նաև ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի պահպանության մեր նոր կանաչ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը:

Որպես հայկական կապիտալով ստեղծված և հայ մասնագետներով կայացած ընկերություն` մենք քաջ գիտակցում ենք կորսված հնարավորությունների գինն ու երիտասարդ սերնդին զորավիգ լինելու առաքելությունը, ուստի այսօր բացում ենք համագործակցության դռները Հայաստանի բոլոր բիզնեսների առաջ, ովքեր կիսում են այս տեսլականն ու հավատում մեր երկրի թվային ապագային: Բայց այսքանով չենք սահմանափակվում: Այսուհետև «Յուքոմի» բոլոր նոր տեխնոլոգիաները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքում և անգամ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում: Մեր պատասխանատվությունն ու առաքելությունն ենք համարում մեր հայրենակիցների կենսական նշանակության կանաչ «միացումն» ապահովվելը սեփական բնակավայրում:

Եվ վերջապես, «Յուքոմը» զարգացման նոր փուլ է մտնում գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի պրոֆեսիոնալ առաջնորդությամբ և հեռահաղորդակցական ոլորտի ամենամեծ փորձառությամբ: Վստահ ենք, որ նոր ռազմավարությունը կարձանագրի լավագույն արդյունքներն ու կկառուցի կենսունակ ցանց և՛ ՀՀ տնտեսվարողների և՛ մեր բոլոր հայրենակիցների համար, ամենուր: «Յուքոմում» մենք մեր գործի տերն ենք: Լավագույնն առջևում է: