18 մայիսի 2023 - 10:25 AMT
Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Զոհված զինծառայողն է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Մայիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և ևս 2 վիրավոր: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: