18 մայիսի 2023 - 17:39 AMT
ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Այդ մասին լրագրողներին է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է «Բելտան»։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում՝ վերջերս Եվրոպայում անցկացվել է հերթական փուլը:

«Գոհունակությամբ նշվել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմաններն ըստ 1991-ի Ալմաթիի հռչակագրի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Հուսով ենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը և երկրները հաջորդիվ կսկսեն սահմանազատումը»,-ասել է Տասմագամբետովը:

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը