19 մայիսի 2023 - 10:25 AMT
Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն՝ անկախ բանակցությունների վայրից

ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները։ Այդ մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը։

«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է «Ազատությունը»։

Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումից հետո և Քիշնևում Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ծրագրված հունիսմեկյան հանդիպումից առաջ ևս մեկ բանակցություն է նախատեսվում Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

Մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։