20 մայիսի 2023 - 14:46 AMT
ՀՀ նախագահն ու Կորեայի հատուկ բանագնացը խոսել են ատոմակայանի կառուցման գործում գործակցության հնարավորության մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:

Ողջունելով հյուրին Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Չան Սոն Մինն ասել է. «Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»:

Առանձնահատուկ շեշտվել է մշակութային կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը և վերջինիս լիարժեք իրականացման կարևորությունը:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը:

Հայաստանը դռեևս 2000-ականների սկզբին է հայտարարել նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի համար կպահանջվի ավելի քան 5 մլրդ դոլար։