22 մայիսի 2023 - 11:20 AMT
Վարդանյանը՝ Փաշինյանին․ Վտանգավոր բան եք անում՝ փորձում եք մեզ ստրուկի տեղ դնել, բայց չի հաջողվի

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հակոբավանքից տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ վերջին 5 տարիներին փորձել է շատ զուսպ լինել, սակայն չի կարող լռել, երբ ոտնահարվում են մարդկային արժեքներն ու տապալվում են բոլոր սրբությունները։

«Ես չգիտեմ՝ ինչքան ժամանակ եք մնալու ղեկավար, պարոն Փաշինյան, բայց ձեր ասածները շատ վտանգավոր են։ Դուք փորձում եք մեզ ստրուկի տեղ դնել և դարձնել արժեք չունեցող մարդ, բայց դա ձեզ չի հաջողվելու»,-ասել է Վարդանյանը։

«Ամենասարսափելին այն է, որ խոսում ենք ոչ թե այս կամ այն որ քաղաքական ուժի ճիշտ կամ սխալ լինելու, այլ խոսում ենք ամենախորքային արժեքների մասին։ Երբ մեզ թույլ ենք տալիս ասել, թե հազարավոր դասալիքներ ենք ունեցել, առանց փաստերի, ասում ենք, որ հայ կանայք երջանիկ չեն, նորմալ ենք համարում մարդու երեսին թքելը, թույլ ենք տալիս, որ եկեղեցու դեմ քարոզարշավ սկսվի, երբ կարող ենք ասել, որ Արցախի հետ կապ չունենք, մատ թափ տալ ԱԺ-ի ամբիոնից և ասել՝ դու ո՞վ եք, որ մեզ բան եք ասում։ Երբ կարելի է հանգիստ հասկանալ, որ հազարավոր զոհեր են լինելու, բայց պատերազմը չկանգնեցնել, և դա դառնում է ստանդարտ։ Մենք հայրենիքն ենք դավաճանում, մեր արմատներին, արժեքներին։ Դա է ամենամեծ վտանգը»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ սա չի կարող երկար շարունակվել։

«Վստահ եմ, որ սա չի կարող երկար շարունակվել։ Ամեն ինչ կարելի է պղտորել, բայց ազգային սկզբունքները պղտորել չի կարելի։ Վստահ եմ, որ մեր սերունդն արժանապատվորեն անցնելու է ամենածանր ժամանակը»,-ասել է իր ուղերձում Վարդանյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 11,000 դասալիք ենք ունեցել: ԱԱԾ-ն այդ թիվը չէր հաստատել։