23 մայիսի 2023 - 11:39 AMT
Սարգսյան․ Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում ՀՀ և ԱՀ նախագահներին իրենց դիրքորոշումը հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որով նա Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։

Նա շեշտել է, որ խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը:

Սարգսյանը նշել է, որ եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և իրենից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական:

Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին:

Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:

Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։

Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։