24 ապրիլի 2009 - 17:51 AMT
«Բարգավաճ Հայաստանը» Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նախկին դիրքորոշմանն է մնում
Երեկ հայ-թուրքական երկխոսությունում առաջին քայլն է արվել եւ ընդունվել է փաստաթուղթ, որի հիման վրա Շվեդիայում բանակցություններ էին ընթանում տարվա ընթացքում, եւ կուսակցությունը որոշակի ներդրում է կատարել այդ գործընթացի իրականացման մեջ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու հարցում մենք մնում ենք մեր նախկին դիրքորոշմանը, այսինքն` առանց նախապայմանների, առանց ճնշման, խելամիտ ժամկետներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում եւ սահմանի բացում»,- ընդծել է նա եւ պարզաբանել, որ սրա մեջ մտնում է նաեւ ԼՂ հարցով Հայաստանի միակողմանի զիջման վերաբերյալ նախապայմանից հրաժարվելը, ինչպես նաեւ Թուրքիայի պահանջը Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելու մասին: «Մեզ համար դրանք կտրականապես անընդունելի են»,- հայտարարել է Սաֆարյանը:

Անդրադառնալով հայերի հույսերին, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը հայությանն իր ամենամյա ուղերձում` կապված 1915-ի դեպքերի հետ, կարտասանի «ցեղասպանություն»բառը, Սաֆարյանը պատասխանեց. «Եթե Բարակ Օբաման իր խոսքում արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա դա կարեւոր քայլ կլինի Հայոց ցեղասապնության միջազգային ճանաչման գործընթացում: Մենք նորից հաստատում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի հարցում»,- ընդգծել է նա: Սաֆարյանի խոսքերով, կուսակցությունը պատրաստ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աջակցել միջազգային, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպություններին եւ անհատներին: