24 մայիսի 2023 - 12:57 AMT
Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը

Հայաստան այցելած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին, ասել է Լոնդոնի կարծիքով հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը։ Այդ մասին նա ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում։

Նա նաև հույս է հայտնել, որ «տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու համար»։

«Ադրբեջանին կոչ ենք արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի լիակատար վերականգնումը։ Մեր գնահատականն այն է, որ ընդհանուր լուծման միջոցով է, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ առաջընթաց ունենալ, բայց մենք նշում ենք, որ այս իրավիճակը մարդասիրական լուրջ ազդեցություն է ունեցել։ Սա հերթական անգամ մեզ հիշեցնում է, թե ինչու է շատ կարևոր ավելի խիզախ լուծում գտնել։

Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն, խիզախություն կունենան, որպեսզի առիթն օգտագործեն և խաղաղության հասնեն և բարելավեն իրենց երկրների ազգաբնակչության կենսամակարդակը»,-ասել է նա։

Հնչել է նաև այսպիսի հարց․ «Հայաստանում անհանգստություն կա մի հարցում. կան բրիտանական ընկերություններ, որոնք ներգրավված են Ղարաբաղի հանքերում։ Տեղյա՞կ եք դրա մասին, հակամարտությունը, ըստ էության, դեռ չի հանգուցալուծվել, և հանքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո»։

2021-ի ամռանը բրիտանական Open Democracy-ն գրել է` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերաբար կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ այդ հողերից ու հանքերից:

«Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։ Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ»,-ասել է Դոքերթին։

Երևանում Դոքերթին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նա հայտարարել է, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։

Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա այցելել է նաև Հայաստանի պատմության թանգարան: