24 մայիսի 2023 - 14:40 AMT
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ դիրքորոշմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, հայտարարություն է տարածել` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում և զորակցություն հայտնելով Արցախի ԱԺ դիրքորոշմանը։

«Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մեկի, և այս պարագայում հատկապէս ՀՀ վարչապետի ու իշխանության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքն արդեն արտահայտել է և ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերահաստատել է Արցախի ինքնիշխանությունը։

«Միջազգային օրենքի համաձայն ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ համապարփակ խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանչնալու փորձերին։

Պետք է լինել արթուն, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախը Ադրբեջանի հողային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի ապահովությունը, այլ նաև Հայաստանի գերիշխանությունը և անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։