Մայիսի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Սարա Ջեյքոբսին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: