Սոթքի ոսկու հանքավայրի ղեկավարությունը՝ GeoProMining ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հաստատելով Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը։
«ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության մամուլի ծառայության հայտարարությունն ունի հետևյալ վերտառությունը՝ «Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է», հայտնում է «Փաստինֆոն»։
«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։
Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում է հայտարարության մեջ։
GeoProMining-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը ավելի վաղ ասել էր, որ որ Սոթքի հանքավայրը ապրիլի 15- ից մայիսի 15- ը փակ է լինելու։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը 1 զոհ և 8 վիրավոր է ունեցել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Մայիսի 17-ին ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, որը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։