1 հունիսի 2023 - 11:16 AMT
ԱԳՆ. ՀՀ օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Հանրային հեռուստատեսության եթերում մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:

«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»: