1 հունիսի 2023 - 17:28 AMT
ԱԺ նախագահ. Եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենցից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացառվում է 29,800 քառակուս կիլոմետրից պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։

«Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած, որովհետև կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

«Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում, և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։

Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է գան, և դուրս կգան, իսկ այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը հետ կքաշվեն»,-ասել է նա։

Սիմոնյանը նաև կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասել է նա:

Սիմոնյանը նշել է, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը, պահվածքը։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ երաշխավորման մեխանիզմներն ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։

Վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն , թե Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»,-ասել է նա

Սիմոնյանն ասել է նաև, որ, եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։

«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,-ասել է նա։

Հունիսի 1-ին Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե հունիսի 1-ին Մոլդովայում կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։