Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան։
«Շարունակում են կառուցվել ռուս-օտարերկրյա համատեղ դպրոցներ, օրինակ` ռուս-ղրղզական։ Մշակվում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը»,-ասել է նա «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» կլոր սեղանի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ փոխնախարարի, աշխատանքներ են տարվում ռուսերենով կրթության բաց կենտրոնների ստեղծման ուղղությամբ աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրում:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մասին հարցին, նշել է, որ աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես շատ լավ համատեղ ծրագրի օրինակ նա բերել էր հայ-չինական դպրոցը։
Նախարարը նշել է, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են, կրթության կազմակերպման հարցն է ՌԴ քաղաքացիների համար, որոնց մեծ հոսք է եղել Հայաստան վերջին տարվա ընթացքում: