8 հունիսի 2023 - 12:24 AMT
ՊԲ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։