25 ապրիլի 2009 - 18:44 AMT
Գյումրի քաղաքի երիտասարդները հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ի երեկոյան Գյումրիում «Գյումրիի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ջահերով երթ` Սբ. Հակոբ եկեղեցուց մինչեւ Սբ.Աստվածածին եկեղեցի: Մասնակիցները դուրս են եկել փողոց թուրքական կառավարության Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը դատապարտող պաստառներով եւ կարգախոսներով: Ինչպես հաղորդել է երթի մասնակիցներից մեկը` Ղարիբ Հարությունյանը, ջահերով երթի նպատակն էր մեկ անգամ եւս ցույց տալ աշխարհին, որ «Գյումրիի երիտասարդությունը չի դադարեցնի պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման»:
Pan.ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում երթի կազմակերպիչ, «Գյումրիի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վլադիմիր Շատվերովը պատմել է, որ իրենք գոհ են երթի արդյունքներից: «Մենք չզարմացանք, երբ երթին միացան քաղաքի բնակիչները եւ ավարտին արդեն մասնակիցների թիվը հասավ 1300-1500 հոգու»,-հայտարարել է նա:
Երթն ավարտվեց Սբ.Աստվածածին եկեղեցում, որտեղ մասնակիցները մոմեր վառեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: