25 ապրիլի 2009 - 23:23 AMT
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել
Ապրիլի 24-ին, օրվա առաջին կեսին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հիշատակի բազմամարդ ընդունելություն, որտեղ ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը, նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Կեովճյանը:
«Ֆրանսիայի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի պետությունների շիտակ կեցվածքը նպաստեց, որ Հայոց ցեղասպանության հարցով միջազգային բաց բանավեճը տեղափոխվի նաեւ Թուրքիա: Այդ շիտակ կեցվածքը նպաստեց եւ նպաստում է Թուրքիայում իր անցյալի եւ ներկայի նկատմամբ պատասխանատու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, այդ երկրում ժողովրդավարության խորացմանը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում այն նպաստում է պայքարելու ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության եւ մարդատյացության դեմ»,- իր ելույթում ասել է Համլետ Գասպարյանը:
«Արդար եւ ճշմարիտ գնահատական տալով անցյալին եւ անաչառորեն վերլուծելով ներկան` այսօր բոլորս եկել ենք նույն եզրակացության. հայ եւ թուրք ժողովուրդների նոր սերունդների համար ժամանակը եւ պայմանները հասունացել են, որպեսզի նրանք թոթափեն անցյալի ծանր բեռը, հաշտության ձեռք մեկնեն միմյանց եւ ապրեն համերաշխ: Այդ են պահանջում թե ներկա, թե ապագա սերունդների շահերը, դրանով է պայմանավորված մեր շրջանի կայունությունը եւ անվտանգությունը»,- նշել է Գասպարյանը:
Հետկեսօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Փարիզի Հաղթական կամարի տակ, որին ներկա են եղել Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության նախարար Անդրե Սանտինին (Andrռ Santini), Փարիզի փոխքաղաքապետ Կատրին Վիյո-Շարիեն (Catherine Vieu-Charier), Փարիզի թաղապետներ, շրջակա քաղաքների քաղաքապետներ, ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ֆրանսահայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարներ, այլ համայնքների ներկայացուցիչներ,_հարյուրավոր ֆրանսահայեր: Ծաղկեպսակներ են զետեղվել Անհայտ զինվորի շիրիմին, բորբոքվել է հավերժական կրակը, ստորագրություններ են դրվել Հիշատակի Ոսկե մատյանում: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարhվել են մարտական դրոշները:
Նույն օրը հիշատակի պատարագ է մատուցվել Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում: Երեւանյան պարտեզի մուտքին գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել բազմամարդ հավաք 1915թ. զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության եւ նեգացիոնիզմի դատապարտումի խոսքերով ելույթներ են ունեցել ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ:
Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները սկսվել էին նախորդ օրը` Հանրապետության հրապարակում, որտեղ ֆրանսահայ երիտասարդական կազմակերպություններն անցկացրել են հսկման երեկո:
Հիշատակի ապրիլյան միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում եւ բազմաթիվ այլ քաղաքներում:
Ապրիլի 25-ին Լիոնի շրջակա Շաս-սյուր-Ռոն քաղաքում, Ռոն-Ալպի շրջանային եւ Լիոնի ու շրջակա քաղաքների տեղական իշխանությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հիշատակի խաչքարի բացում:
Փարիզյան միջոցառումները շարունակվելու են նաեւ հաջորդ օրերին. ապրիլի 26-ի կիրակի օրը հիշատակի պատարագ է նախատեսված Փարիզի Աստվածամոր տաճարում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: