ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքների մասին տեղեկություններով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ԱԳ նախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ից ասել են նաև, որ ռուսական կողմին մտահոգում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը «փորձում է իր միջնորդական ծառայությունները պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխուսությունում, այդ թվում ուժի կիրառման միջոցով», գրում է Sputnik Արմենիան։
Ասվել է, որ տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների սպառնալինքների մասին հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ։
Նշվում է, որ ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը Վաշինգտոնում հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրի ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում, իսկ մերժման դեպքում սպառնում է Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությամբ»։ Ըստ աղբյուրի, ամերիկյան «խաղաղարար նախաձեռնությունը» առաջ է տանում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, որի «շահերը լիովին համընկնում են ադրբեջանական շահերի հետ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։