15 հունիսի 2023 - 16:44 AMT
Կլաարը՝ Զախարովային․ ԵՄ-ն լիովին թափանցիկ է Հրվ. Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոնները 3-ով ավելացնելու մասին։ Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ:

«ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ: Մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի և մարդկանց։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ պարտավորության կարևոր բաղադրիչ է»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն էր հրավիրել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոնների ավելացման մասին տեղեկությանը՝ հայտարարելով, որ Բրյուսելի ներկայությունը տարածաշրջանում հենց իր կողմից էլ «պարտադրևվել է»։

«Առաքելության գործարկումը, որի նպատակ է հայտարարվել աջակցությունը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, տեղի է ունենում միակողմանի կարգով, ոչ կոնսենսուսային հիմքով, առանց ադրբեջանական կողմի և մյուս տարածաշրջանային խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Դա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական հենքը, որտեղ հիմնականն Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզի վերածելը, ինչը չի բխում այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերից»,-ասել էր Զախարովան։