25 ապրիլի 2009 - 23:36 AMT
Արգենտինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արքեպիսկոպոս Մուրադյանի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագով սկսվել է Արգենտինայի մայրաքաղաքում Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Պատարագի ավարտին ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը շարունակվել է Արմենիա փողոցում: Միջոցառմանը մասնակցող մոտ հազար արգենտինահայերի եւ հրավիրվածների առաջ ելույթ են ունեցել Բուենոս Այրեսի կառավարության կրթության նախարար Մ. Նորոդովսկին, Մարդու իրավունքների մշտական ասամբլեայի նախագահ Ալդո Էչեգոյենը: Հիմնական ելույթով հանդես է եկել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին:
Նույն օրը համայնքային կառույցների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ջահերով քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր:
Երեկոյան Բուենոս Այրեսի հայտնի մշակութային կենտրոն Մալբայում կայացել է «Ճչացողներ» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել է նաեւ ֆիլմի ռեժիսոր Կառլա Կարապետյանը:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառմանը նախորդել է «Բուենոս Այրեսի ազգային քոլեջում» ապրիլի 23-ին Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի Ազգային իֆստիտուտի ( INADI) եւ Արգենտինայի Հայ Դատի գրասենյակի համատեղ կազմակերպած միջոցառումը` նվիրված Արգենտինայի կառավարության կողմից ապրիլի 24-ը որպես «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր» հռչակման տարելիցին: Ձեռնարկին մասնակցել են նաեւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ս.թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների մարդու իրավունքներին եւ ցեղասպանություններին նվիրված ծրագրի շրջանակում միջին դասարանի աշակերտների պատրաստած «Կյանք, սարսափ եւ հիշատակ» խորագրով նկարների ցուցահանդես:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կայացել նաեւ Մար դել Պլատայում, Րոսարիոյում, Կորդոբայում, Բերիսոյում, հայ համայնքներ ունեցող այլ բնակավայրերում:
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել նաեւ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: