25 ապրիլի 2009 - 23:43 AMT
Die Zeit. Աշխարհիկ քեմալիստական վերնախավը տարիներ շարունակ Ցեղասպանության ժխտման լկտի քաղաքականություն է վարել
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը: Die Zeit շաբաթաթերթն այս առնչությամբ գրում է. Հայաստանի եւ սփյուռքի ազգայնական խմբավորումները հիացած չեն երկու երկրների մերձեցումից: Նրանք ցանկանում են հասնել նրան, որ հայ ժողովրդի ցեղասպանության փաստն որքան հնարավոր է շատ երկրների խորհրդարաններ ընդունեն` պարտադրելու համար Թուրքիային ապաշխարհել եւ համապատասխան փոխհատուցում վճարել: Մի շարք հայտնի պատմաբաններ, այդ թվում Տիմոտի Գարտոն Աշը, համաձայն չեն պատմական հիշողությունը պահպանողների դիրքորոշման հետ: «Շվեյցարիայում պատիժ է սահմանված բոլոր նրանց համար, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայում արգելված է «ցեղասպանություն» բառի կիրառումը հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ: Սա անհեթեթություն է»,-ասել է նա:

«Սակայն թուրքական կողմում եւս կան ուժեր, որ ցանկանում են խանգարել հաշտեցմանը: Աշխարհիկ քեմալիստական վերնախավը տարիներ շարունակ Ցեղասպանության ժխտման լկտի քաղաքականություն է վարել: Հիմնական փաստարկն այն է, որ թուրքերը եղել են հայերի հետապնդումների զոհը: Այսօր ողջ աշխարհն է ցեղասպանություն համարում հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները: Համեմատելով 1915թ. իրադարձությունները ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների հետ, լուրջ պատմաբանները կասկածներ չունեն այս բառեզրի արդարացիության հարցում»,-ընդգծում է Die Zeit-ը: