25 ապրիլի 2009 - 23:50 AMT
Ռումինիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն: Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը ելույթներ են ունեցել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը: Արարողությանը հետեւել է Բուխարեստում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկու խաչքար-հուշարձաններին ծաղկեդնումը: Ծաղկեպսակներ են դրվել Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության կողմից:
Ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Ռումինիայի այլ հայաշատ քաղաքներում:
Նախօրեին` Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նիստերում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի առիթով հայտարարություններով հանդես են եկել Սենատում տնտեսության, արդյունաբերության եւ ծառայությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Պատգամավորների պալատում ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: