27 ապրիլի 2009 - 13:17 AMT
Մարիինսկի թատրոնի մեծ սիմֆոնիկ նվագախումբը եւ Դենիս Մացուեւը հանդես կգան Երեւանում
Մայիսի 3-ին եւ 4-ին Երեւանում լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ ելույթ կունենա աշխարհահռչակ Մարիինսկի թատրոնի մեծ սիմֆոնիկ նվագախումբն ու վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուեւը: Սուրբ Հարության տոնին նվիրված համերգաշարի շրջանակում Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում երկու օր կհնչեն Վագների, Չայկովսկու, Շչեդրինի, Հարությունյանի ու Միրոնյանի ստեղծագործությունները:

1860 թվականին Ալեքսանդր Երկրորդի հրամանով հիմնված թատրոնն անվանակոչվել է ռուս կայսեր կնոջ` կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի պատվին: Խորհրդային տարիներին (1934-1992թթ.) թատրոնը, որը աշխարհին է նվիրել բազում տաղանդավոր արտիստների, վերանվանվեց Լենինգրադի պետական ակադեմիական Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնի: 2008թ. անգլիական Gramophone ամսագրի վարկածով Մարիինսկի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն իր վարկանիշով 14-րդն է աշխարհի նվագախմբերի շարքում: